Մարդիկ, որ իրենց սխալներն անվանում են փորձ, սովորաբար ոչինչ չեն սովորում այդ սխալներից, ու դա դառնում է փորձանք, որ համարում են անխուսափելի` ո՞վ գիտի` իր գլխին ի՞նչ կգա։ Տարեվերջը ինքնաբերաբար մարդուն կանգնեցնում է կշեռքի առաջ, որի նժարներին կորուստներն ու ձեռքբերումներն են` անցյալի մասով, ևս մի կշեռքի նա նժարում է ունեցածն ու ունենալիքը` ապագայի մասով։ Մարդուն պետք է հավատ ու հեռանկար` հավասարակշռությունը կյանքում չկորցնելու համար։ Ի՞նչ ունի միջին վիճակագրական հայը 2017-ի վերջին` դատելով ՀՀ նախագահի վերջին ելույթներից, հարցազրույցներից։ Առավել ևս, որ նա ամփոփում է փաստացի ոչ միայն տարին, այլև իր նախագահության ու մեր կյանքի 10-ամյակը։ Հայաստանի հաջորդ նախագահները Սահմանադրության փոփոխությունից հետո չեն ունենալու այն իրավասությունները, որ ունեցել են 3 նախագահները, դարաշրջան է փակվում։ ՈՒ` ի՞նչ: Դարաշրջան է փոխվու՞մ, թե՞ ընդամենը շարունակվում է։
Դեկտեմբերի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկժամանոց հարցազրույց տվեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողին։ Բոլոր նրանք, որ այդ օրը ժամանակ ու հնարավորություն էին ունեցել կեսօրից դիտելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 4-ժամանոց ուղիղ եթերը` 1674 լրագրողների մասնակցությամբ, կարող էին համեմատել հարցազրույցները։ Համեմատողները չէին կարող չնկատել նմանությունը` և հարցադրումների, և պատասխանների։ Թվում էր` նախագահ ու նախագահի թեկնածու` Պուտինի ամեն պատասխանը միտված է լինելու ընտրություններում հաղթանակին ու սենսացիան սենսացիայի վրա է գումարվելու։ Չկար: Սենսացիա չկար։ Կամ լրագրողներն էին ստորադասում մասնագիտական պատվախնդրությունը իրենց ներսում ապրող գրաքննիչին ու չէին տալիս այն հարցերը, որոնց պատասխաններն իրենք չունեին, կամ Պուտինն է այնքան երկար իշխանության մեջ, որ նոր հարցեր ու նոր պատասխաններ չեն մնացել։ Նրա 13-րդ ուղիղ եթերը նույն դեժավյուն էր, որ տարեցտարի կրկնվում է։ Միակ ու պայմանական սենսացիան` 2018-ին ինքնառաջադրվելու է, ոչ թե «Միասնական Ռուսաստանն» է առաջադրելու նրա թեկնածությունը։ Տրամաբանական է` նա պատրաստվում է դառնալու ոչ միայն կուսակիցների, այլև բոլորի նախագահը, բայց այդ դեպքում ինչի՞ համար են կուսակցությունները, եթե չեն արտահայտում հասարակության տրամադրությունները։ Ի՞նչ էր ասում ՀՀ նախագահը, որ ամփոփում էր տարին ու 10-ամյակը` ըստ տրամաբանության։
1. Բոլոր նրանք, որ չեն ճանաչում կամ վատ են ճանաչում Սերժ Սարգսյանին և կարծում էին, որ նախագահը կբացի խաղաքարտերը` հիմք ընդունելով պարզ իրողությունը, որ ցանկացած երկրի նախագահի խնդիրն է ընկալված լինել, և միշտ կա ասելիք, որ պետք է իր շուրթերից հնչի, ոչ թե վստահվի տարբեր մակարդակի պաշտոնյաներին, հիասթափվեցին: Նոր ոչինչ չասվեց` 30-ից ավելի հարցերի պարագայում, որ ավելի շատ անհարց ինչ-որ իրողությունների հաստատում էին։
2. Ձեր տուն հեռուստաեթերից եկել էր մարդ, որ բացահայտ հոգնած էր ու ձանձրանում էր հարցերից` դատելով միալար ու անհույզ պատասխաններից։ Գուցե պատճառը 1-ին հարցն էր, որ ի սկզբանե կասկածի տակ էր դրվում ԵՄ-ի հետ ՀՀ համաձայնագիրը` Ռուսաստան-Արևմուտք վատացող հարաբերությունների պատճառով, որ նվազագույնը տարօրինակ է, եթե չի վիճարկվում Հայաստանի ինքնիշխանությունը։ Պատասխանն այդ շրջագծում չէր, բայց վերադարձնում էր 2013, ավելի առաջ ու վերապատմում ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ, իրականում` ՀՀ-ՌԴ հարաբերությունների պատմությունը։ Ինչու՞: Փակելու «մի գիշերվա որոշման» է՞ջը։ Գուցե այդ էջը փակելու ու նոր էջ բացելու առավել համոզիչ տարբերակ է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո կյանքի կոչելը` ոչ թղթի վրա, այլ գործնականու՞մ։ ՈՒ դա է պատմության դասը։
3. Արցախի հարցում էլ կրկնվեցին հայտնի ու բազմիցս բարձրաձայնված տեսակետները. «Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ համաձայնության»: Վերահաստատել Մինսկի խմբի իրավասությունները և առաջարկված սկզբունքները համարել կոնֆլիկտը լուծելու միակ հնարավորություն` այս ելակետով ենք 2018-ին շարունակելու ԼՂ հարցով բանակցությունները։ Վերջ։ Գուցե ժամանա՞կն է բանակցությունների գործընթացում նոր որակ մտցնել` Լեռնային Ղարաբաղում հայերը ֆիզիկական գոյության խնդիր են լուծում, որ Ադրբեջանն ապացուցեց քառօրյա պատերազմում իր հակամարդակային բարբարոսությամբ, և այդ իրողության միջազգային ճանաչումը կարող է նպաստել և Արցախի Հանրապետության ճանաչմանը։ Եղել են տարածաշրջանային այցեր, տարբեր մայրաքաղաքներից հակասական հայտարարություններ, հանդիպումներ, որոնց մասին առաջին դեմքի խոսքի գինն ու արժեքը բոլորովին այլ են` ի վերջո նախագահի հետ հարցազրույցը պետք է տարբերվի նախագահի գործունեության լուսաբանումից։
4. Նվազագույնը տարօրինակ էր, որ ՀՀ նախագահի կարծիքով հունվարի 1-ից սպասվող թանկացումները էական ազդեցություն չեն կարող ունենալ «ոչ թռիչքային գնաճերի առումով, և ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու»: Ցանկացած գնաճ անփոփոխ եկամուտների դեպքում ավելացնում է աղքատության մակարդակը և նվազեցնում գնողունակությունը, որ հարվածում է տնտեսությանը։ ՈՒ դա մենք մի քանի անգամ ապրելու փորձն ունենք։ Թղթի վրայի թվերը կյանքում փոխում են կերպարանքը։
5. Հայաստան-Իրան հանգույցում էլ վաղուց միջին վիճակագրական հային հետաքրքրում են կոնկրետ իր ապրուստին առնչվող հարցերն ավելի, քան դարավոր բարեկամությունն ու զբոսաշրջության զարգացումը։ Բայց ոչինչ չասվեց ոչ գազի գնման, ոչ Հայաստանի տարածքով գազի տարանցման, ոչ Պարսից ծոցը Սև ծովին կապող ճանապարհի մասին` խնդիրներ, որ Հայաստանում բարձրաձայնել են Ռոհանին ու Ջհանգիրին: Խնդիրներ, որոնց լուծումը առաջին հերթին մեզ է պետք։ Հյուսիս-Հարավից էլ հույսներդ կտրեք` պարզվում է ծրագրի վերագնահատականի անհրաժեշտությունից բացի կա նաև այլ ճշմարտություն` «Մենք ճգնաժամի պատճառով ստիպված էինք պարտքեր վերցնել, պետական պարտքը ավելացնել, ավելի շատ վարկային միջոցներ, որ կարողանայինք երկրում կայունություն ապահովել, որ սոցիալական լարվածություններ չլինեին, մենք երկրում կայունությունը գերադասեցինք այդ ճանապարհի արագ կառուցումից։ Ո՞րն էր ճիշտ։ Մենք կարող էինք ունենալ, չգիտեմ ևս 150 կմ կառուցված ճանապարհ, բայց սոցիալական խիստ լարվածություն։ Երկարաժամկետ ծրագրերը, իհարկե, կատարման համար պարտադիր են, բայց ենթակա են որոշակի փոփոխությունների՝ ելնելով կոնկրետ երկրի շահերից»։ Փաստացի` ճանապարհի «շահը» այդպես էլ չի ճանաչվում ու չի գնահատվում նշանակությունը` ոչ առաջ, ոչ հիմա։
6. Ստեղծվում է տպավորություն, որ 2040-ին 4 միլիոն հայ Հայաստանում ունենալու գաղափարը կոդ է, որով իշխանությունը խոսում է արտագաղթի մասին` առանց անուններ ու բնորոշումներ տալու։ Դեռ չկա կոնկրետ գործողությունների ծրագիր, «առաջիկա խնդիրը` 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել զրոյական մակարդակի»։ Այսինքն` արտագաղթը։ Եվ կա ընկալում, որ «ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, էդ բնական ճանապարհով մենք չենք կարող հասնել տեսանելի ապագայում կամ հեռու ապագայում 4 միլիոնի»։ Իհարկե, կարևոր են առողջապահական խնդիրները, երիտասարդների զբաղվածությունը, սոցիալական հարցերը, բայց ինչու՞ չասել, որ միայն կյանքի որակի փոփոխությունը քանակ կդառնա։ Իսկ կյանքի որակը աշխատատեղերն են ապահովելու ու արտադրությունը։ Ո՞վ, եթե ոչ ՀՀ նախագահը պետք է խնդիր դնի արդյունաբերության վերականգնումը և ծառայությունների ոլորտից դուրս բերի երկիրը` արտադրողի ու արտահանողի մակարդակի։
7. Իհարկե հնչեց և լավ ապրելու բանաձևը` «Լավ ապրելու միակ բանաձևը աշխատելն է, և բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է»։ Ինչպե՞ս։ «Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, մենք ավելի շատ աշխատատեղեր պետք է ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը բարձր վճարվող աշխատատեղերի մասին է»։ Այսինքն` ամեն ինչ ապառնի ժամանակով։ Եվ` «պետք է»-ի շրջանակներում` առանց «ինչպես»-ի։ Դա վաղուց արդեն հավատ չի ներշնչում։ Ոչ էլ հույս։ Քաղաքականությունը, այնուամենայնիվ, քարոզչությունից տարբեր է։ Տնտեսության մեջ` մասնավորապես։
8. Հավատ ներշնչվեց, հույս էլ` «նախկիններին», որ կարող են դառնալ «ապագայիններ»։ Մարդիկ, որ պաշտոնավարել են ու պաշտոնանկվել, կարող են վերադառնալ` «ամեն դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում»։ Անհատական մոտեցումը ռեբուս է, չփորձեք գուշակել, թե նախկին նախարարներից, մարզպետներից ու վարչապետներից ում է ժպտալու բախտը 2018-ին։
9. Ներկաներից շատերին կարող է չժպտալ։ Բայց նրանց բախտն արդեն իսկ բերել է: Պարզվում է` Կարեն Կարապետյանի կառավարության առջև կոնկրետ խնդիր էր դրված` «հասնել արդյունավետ կառավարման»։ Ընդամենը։ «Տնտեսական աճի կոնկրետ խնդիրներ չէինք դրել»: Իսկապես ի՞նչ իմաստ ուներ ժամանակը լցնող փոխարինող կազմին խնդիր առաջադրել` հիմնական կազմը դաշտ դուրս կգա ու խնդիրները կսկսի լուծել։ Իսկ եթե «Կարեն Կարապետյանը և նրա գլխավորած կառավարությունը իրենք իրենց առջև են խնդիր դրել, և այդ խնդիրը 5-6 տոկոս տնտեսական աճն է», իրենց մեղքն է, իրենք էլ թող քավեն։ Իսկ վարչապետ դառնալու Կարեն Կարապետյանի ցանկությու՞նը։ «Շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, և ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է»։ Ինչքա՞ն «ընդունելի և օգտակար անձնավորություններ» կան Հայաստանում, որ բնավ էլ վարչապետ ու ոչմիպետ չեն։ Մեկն էլ կավելանա։
10. Եվ, իհարկե, Սերժ Սարգսյանը չպատասխանեց իր ապագայի մասին հարցին. «Ժամանակը դեռ չի եկել, երբ կգա, կհայտարարեմ»։ Տրամաբանական է։ Նա ամեն օր է այդ հարցին պատասխանում` անուղղակի, իսկ լրագրողները համառորեն ուզում են լսել. «Այո, 2018-ին ՀՀԿ-ն առաջադրելու է իմ թեկնածությունը, ես տվել եմ իմ համաձայնությունը։ Կարող եք շնորհավորել»։ Ինչու՞։ Գուցե այն պատճառով, որ հաջորդ հարցն օդում է կախված` «Իսկ 2015-ին ասում էիք, որ ոչ նախագահ, ոչ վարչապետ չեք ուզում լինել։ Ի՞նչը փոխվեց»։ Ոչինչ էլ չփոխվեց։ 2018-ին, իհարկե, կլինեն բազում փոփոխություններ` իշխանական բուրգի բոլոր հարկաբաժիններում` գագաթից ստորոտ, և բոլոր փոփոխությունները միջին վիճակագրական հայի համար կունենան «զվարճանքի» արժեք, իսկ «հացի» գինը ինքը պետք է վճարի։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ ի՞նչ անի միջին վիճակագրական հայը, եթե միայն հորոսկոպն է նրան հույս տալիս։ Մեկ-մեկ։ Դեկտեմբերի 15-ին վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց ու բացեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին, այնտեղից էլ Արցախ` պաշտպանական հարցեր քննարկելու, դա նրա պատասխանն էր Սերժ Սարգսյանին։ ՈՒշացած կամ ապարդյուն պատասխանը։ Արագացված անգլերեն սովորելն էլ չի օգնի լինել խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի թիվ 1-ը։ Բացահայտորեն նա չէ այն մարդը, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիր կկատարի ու նույնիսկ ՀՀ-ԵԱՏՄ: Սերժ Սարգսյա՞նն է։ Իսկ դուք ի՞նչ էիք կարծում: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, Երևանի 2800-ամյակ, Առաջին Հանրապետության 100-ամյակ, 2040-ին` 4 միլիոն, բանակի 7-ամյա ծրագիր, ՏԻՄ-երի 10-ամյա ծրագիր, կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր, մեկ շնչի ՀՆԱ-ն 3-ից 10000, և այլն, և այլն… Ձեզ ի՞նչ։ Չէի՞ք ուզում, ԱԺ ընտրություններում 10000-ը չդնեիք ձեր ներկայի նժարին, իսկ ապագայի նժարին թողնեիք այն Հայաստանը, որ 2022-ից հետո է գալու։ Հիմա դեռ 2017-ն է։ Դեժավյուի օրենքով կա շարունակություն` նույնի կրկնությամբ։ Նմանություններից բացի պետք է գնահատել տարբերությունները, նաև` փորձի ու փորձանքի։ Դա է ելքը։